IMG_7690

Իմ սեր, իմ հանդարտություն:

Լիրիկ տեքստեր խուսափում եմ գրել, ինքս գնալով ավելի դժվար եմ մարսում հիացական- բացականչական – բեմական ելույթներն ու գրվածքները, բայց այնուամենայնիվ հիմա գրում եմ` Արցախ, իմ հանդարտություն, իմ սեր:

Տարիներ առաջ առաջին այցելությունից հետո շատ լավ հիշում եմ զարմացած հիացմունքն ու գնալ այնտեղ բնակվելու ցանկությունը, հիմա` երկար ընդմիջումից հետո, գնալիս մտածում էի` հիմա արդեն ուրիշ աչքերով եմ նայելու, էլ էդպես չի տպավորելու ինձ… տպավորեց, նույնքան, նրանց խաղաղության մեջ ապրելու ցանկությունն էլ վերածվեց պատրաստակամության, գրեթե որոշման… Լսողը կասի` լավ, էդ ինչ կա էնտեղ որ…  կիսվեմ:

Անհավատալի է, որ ամբողջ աշխարհի` այդ թվում նաև մեզ համար, պատերազմ խորհրդանշող հողակտորի վրա բնակվող մարդիկ ապրեն զարմանալի հանդարտ, խաղաղ, մաքուր, կանաչապատ, ծաղկաշատ, խնամված, խնամվող, կառուցվող քաղաքում. Ստեփանակերտի մասին է իհարկե խոսքը, Շուշին դեռ տխուր վիճակում է, «մարդիկ ինչ են անում էստեղ»,- մեզ ուղեկցեղ աղջիկն ինքն էլ երևի չգիտեր`ինչ դիպուկ փոխանցեց ավերակ քաղաքի թողած դառը նստվածքը:

Իսկ սպիտակ Ստեփանակերտը գերում է, հրաշք է` որ կառուցվում է հենց քո աչքի առաջ ու այնքան հոգածություն ու խնամք կա ամեն ինչում, սրտացավ ու գիտակից մոտեցում, մտածված ու նպատակաուղղված հարազատ քաղաքի կառուցում: Հասկանում եք, զգացվում է որ կառուցողը, պատվիրողը, ֆինանսավորողը, անողը այդ քաղաքի տերն է, իր տունն է կառուցում ու պահպանում: Ուրիշ են: Նույնիսկ ոստիկաններն ուրիշ են, նույնիսկ տրանսպորտը` բաղկացած միայն դեղին փոքրիկ ավտոբուսներից, ավելի արժանապատիվ է քան Երևանի խայտառակ տրանսպորտային խառնիճաղանջությունը:

Կառավարական շենքերը` անմիջապես կենտրոնական ամենաբանուկ փողոցի վրա, որևէ կերպ ցանկապատված կամ պաշտպանված չեն, հենց ուղղակի էնտեղ են`ամենաբանուկ փողոցի վրա, ու երբ կողքովդ անխռով քայլելով անցնում են հեռուստացույցից ծանոթ դեմքեր, տպավորությունն այն է, որ իրենց ու մեր պետական այրերը վայելում են սպիտակ քաղաքով սովորական մարդկանց միջով անախռանիկ` ուղղակի մարդավարի զբոսնելու, իրարանցում չառաջացնելու, դանդաղ քայլերով մոտակա սրճարանը գնալու պարզ հաճույքը:

Գուցե ես սխալվում եմ, իդեալականացնում եմ, չգիտեմ:

Բայց այն արցախցիները ում անձանբ ճանաչեցի զարմանալի հանդարտ, վստահ, պայծառ մարդիկ են` պարզորեն նվիրված, անկեղծ սիրահարված իրենց երկրին, լեզվին, լույս ունեն իրենց մեջ:

Այդպիսի լուսավոր մարդկանցից էր Աշոտ Ղուլյանի` Բեկորի կինը` տիկին Նելլին, որն իմանալով իրենց մանկապարտեզի երեխաներին նվերներ տանելու ծրագրի մասին, ասել էր` «տարեք սահմանամերձ գյուղեր, էնտեղ ավելի կարիքն ունեն»…

Էնպես չի, որ այդ լուսավոր մարդիկ չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, կիսաձայն պատմում են, օրինակ, բանակում բարձիթողի վիճակի մասին, համալսարանի հոյակապ պատերի ետևում խայտառակ կաշառակերության մասին, բայց միևնույն է, պարզ լույս կա նրանց մեջ:

IMG_5789 IMG_7534 IMG_7540 IMG_7557 IMG_7560 IMG_7564 IMG_7571 IMG_7574 IMG_5756 (2)IMG_5745 IMG_5775 IMG_5780 IMG_5782 IMG_5784 IMG_7629 IMG_7636 IMG_7680  IMG_7698 IMG_7715 IMG_7732 IMG_7733 IMG_7735 IMG_7740 IMG_7747 IMG_7797 IMG_7771

 

Advertisements