20160603_093904Քանի որ ակտիվ, լեցուն, եռուն,  ճանապարհներով, հյուրերով, թթի ծառով, ընկերներով, պարերով  ու միշտ էլի չհասցրած անելիքներով լի ամառը դժվար է համատեղել հաշվետվությունների ու այլ գրությունների հետ, և հույս ունենալով որ այնուամենայնիվ ջոկատիս աղջիկները իրենք էլ կպատմեն ավելի մանրամասն իրենց տպավորությունների մասին` այստեղ կամփոփեմ շատ կարճ անցած երկու շաբաթվա իմ փորձը: Չնայած որ նախօրոք ծրագրածից բավական քիչ բան  իրագործեցինք և իրականում իմ պատկերացրածից բոլորովին այլ բան ստացվեց, բայց ստացվեց շատ ակտիվ ու բազմազան, իհարկե անկեղծորեն շատ ուժասպառ անող, բայց ինձ համար երևի անմոռանալի`անձրևի տակ միասին հեծանիվ քշելով, հեծանիվ քշել սովորելով, լողով, «Այլ կերպ» խաղով, իմ առաջին վոլեյբոլով, շախմատով, բադմինտոնով, բախումներով, ծիծաղով, քաղաքային թափառումներով, նորություններ բացահայտելով` օրինակ Չարբախի մետրոն:

Ունենք կարևոր ձեռքբերումներ` Եվան սովորեց հեծանիվ քշել, Նանորն ու Եվան հանդիսավոր խոստումով հրաժարվեցին Կոկա-կոլա խմելուց (գոնե մինչև ամառվա վերջ), և պայմանավորվեցինք խստորեն հետևել հայերենը հայատառ գրելու պահանջին, նույնիսկ ֆեյսբուքում:

Ի՞նչը չստացվեց. ճամփորդությունը քաղաքից դուրս.Իհարկե դեռ հնարավոր է` իրագործենք մոտակա շաբաթների ընթացքում ուրց հավաքելու մեր ծրագրերը, ուղևորվելով դեպի Թալինի Կաթնաղբյուր գյուղ` Մուշեղ Գալշոյանի ծննդավայրը:

Բոլորին շատ ոգևորել էր Լաստիվեր գիշերակացով արշավի միտքը, բայց եղանակային վատ պայմանների պատճառով ստիպված եղանք հետաձգել, հավանաբար մինչև օգոստոս: Չկարողացանք նաև ընթերցանություններ կազմակերպել, տրամադրված չէին, կարծես թե: Տրամադրված չէին կարծես նաև փոքրիկ թարգմանական նախագիծ անել թևավոր խոսքերի թեմայով…և չարեցինք:

Շատ ուզում էի, որ  գտնեինք որևէ տեղ, որտեղ հնարավոր կլիներ թթի ծառի վրայից թութ ուտել, այնպես որ իրենք հենց ծառը բարձրանային.. Եվ վերջապես հուսով եմ` դեռ կկարողանանք  հավաքվել մի օր օդապարուկներ  բաց թողնելու, օդապարուկների հետևից վազելու… Հա, մի միտք էլ կար, որ չիրագործեցի. տանել հատկապես այս խմբի աղջիկներին միասին լռելու, լռությունը լսելու…

Թերևս այսքանը, ակնկալում եմ, որ շուտով կկարողանամ տեղադրել այստեղ նաև երեխաների տպավորությունները պատմող պատումների հղումները, ինչպես որ խոստացել են, իսկ մենք պայմանավորվել ենք զուր խոստումներ չտալ:

thumb_IMG_7055_1024

 

 

 

 

Advertisements