IMG_4652Եվ այսպես` Սալամանկա… հին-հին ուսանողական քաղաք` այսօր էլ լի աշխարհի ամենատարբեր ծայրերից եկած ուսանողներով. ավազից կառուցված հսկա սպիտակ վանքեր, ինչի-մասին-ուզես լեգենդներ հյուսող բնակիչներ, հազարավոր գորտեր, զարմանալի մաքուր օդ, խորհրդավոր քարանձավեր, տեղական բնորոշ նախշերով գեղեցիկ արծաթյա զարդեր, բոլորովին անմիտ աշխատանքային ժամեր, զարմանալի թեթև ու հանգիստ մթնոլորտ, Երևանի պես երկար ոսկյա աշուն:

Այն, որ այստեղ ապրում է 160 000 բնակիչ, և որ այստեղ է հիմնադրվել Իսպանիայում առաջին համալսարանը (1218թ.), դուք կկարդաք …. ասենք հենց այստեղ, այն որ 16 դարում այս փոքրիկ քաղաքի համալսարանում սովորում էր 7000 ուսանող` նույնպես:

Ես այլ բաներ կպատմեմ. օրինակ` որքան էլ տարօրինակ լինի, այս հռչակավոր համալսարանում ուսանողների դասերը միայն 4 օր են, երկուշաբթիից հինգշաբթի, իսկ հետո` հինգշաբթի երեկոյան, երիտասարդները դուրս են գալիս` շրջելու բարերով ու սրճարաններով, զվարճանալու, հանգստանալու, պարելու…

Կարծում եմ` ամենատարօրինակ բանը օտարերկրացու համար այստեղի կյանքի ռիթմն է, որին ոչ մի կերպ չես ընտելանում. կեսօրին բոլոր առևտրի կետերը (և ոչ միայն) փակվում են, դե, գուշակեք` ինչքա՞ն ժամանակով. անհավատալի է, բայց մոտավորապես 13:00-ից 16:30-ը, նույնիսկ երբեմն 17:00 ամեն ինչ փակ է:

Բայց ինչո՞ւ է Սալամանկան լի գորտերով, գորտը, կարծես թե, շատ լուրջ համալսարանական քաղաքի համար այնքան էլ համապատասխան խորհրդանիշ չէ, այնուամենայնիվ Սալամանկայում գորտն անկասկած ամենաշատ վաճառվող հուշանվերն է: Ինչու՞… ասեմ, որ պատճառը թաքնված է հենց այդ հնագույն համալսարանի ճակատային զարդաքանդակների մեջ:

Սալամանկայի Նոր վանքը` ահռելի մեծ ու շլացուցիչ գեղեցկության: Գիտե՞ք` ինչ կարող է տեսնել մի քիչ ուշադիր դիտորդը վանքի ճակատային որմնաքանկդակերի մեջ: Մի տիեզերագնաց, և նաև պաղպաղակ ուտող մի հրեշի, ու ճագար… էլի տարօրինակ բաներ… Ներսի շքեղության հետ մեկտեղ տարօրինակ են միջի խորանները բաժանող հսկա ճաղերը: Նեղ ու ոլորուն աստիճաններով կարող ես բարձրանալ քաղաքի ամենաբարձր աշտարակը` զանգակատունը, որտեղից արդեն պատկերացնում եք, թե ինչ տեսարան է բացվում դեպի ողջ քաղաքն ու գետը:

Իսկ քաղաքի միջով անցնող այդ գեղեցկուհի գետի անունն է Տորմես` ուղղակի կախարդական տեսարաններով, հետաքրքիր ու զավեշտալի լեգենդներ պատմող կամուրջներով…

Մի եզակի փոքրիկ հրաշքի մասին էլ պատմեմ` Սալամանկայի սրբ. Մարկոս եկեղեցին Իսպանիայում միակ կլոր ձև ունեցոլ եկեղեցին է, ընդ որում, ի տարբերություն մյուս վանքերի ու եկեղեցիների, այստեղ խորհրդավոր մթութուն է տիրում, քանի որ այդ փոքրիկ կառույցը պատուհաններ բոլորովին չունի, և այդ հանդիսավոր կիսամութի մեջ մարդիկ երեկոյան պատարագը երգում էին վանահոր հետ միասին` ոմանք ծնկաչոք…

Սալամանկան, ըստ իս, զարմանալի հակասությունների քաղաք է. տարօրինակ չէ՞, օրինակ, որ Հայաստանի մասին լսելիս փորձառու ուսուցիչը ունքերը վեր բարձրացրած փորձում է ճշտել` արդյոք իրոք ոչ սլավոնացի ենք, ոչ ալբանացի, ահ, հայերե՞ն ենք խոսում, և մեր տառերն ունենք և այդպես մի ամբողջ շաբաթ, գրեթե բոլորի հետ, գրեթե նույն սցենարով… իսկ հետո պատահական տաքսու վարորդի հետ զրույցի բռնվելով քո ունքերն են վեր բարձրանում, երբ սկսում է ցանկացած հայից լավ մեկնաբանել անդրկովկասյան կոնֆլիկտներն ու հայ-ռուսական հարաբերությունները, ու մտածում ես` հըմ, էսպիսի տաքսիստ էլ է՞ լինում:

Եվ ընդհանրապես, ասեմ, որ ուր էլ ճամփորդեմ, միշտ էլ թերևս միակ բանը, ինչին իրոք նախանձում եմ, հասարակական տրանսպորտն է, ու հիմա պատկերացրեք, որ այստեղ մեծ, հարմարավետ, մաս-մաքուր ավտոբուսի կոկիկ, մաքուր հագնված, չծխող, շատ սիրալիր վարորդը դիմավորում է յուրաքանչյուր բարձրացողին հարգալից ողջունելով, այո-այո, ամեն մեկին հերթով բարևելով, հենց մուտքի մոտ ստանում դրամը կամ տոմսը, ըստ որում թղթադրամը մանրելու փոխարեն հաճույքով նախընտրում է ներել քեզ պակասող 5 ցենտը… և տաքսիստի պես նրա ձեռքերն էլ են մաքուր…

Advertisements