Տնային առաջադրանքների խնդիրն Իսպանիայում

Իսպանիայում դպրոցական երեխաների տնային հանձնարարությունների շուրջ քննարկումները վերջին տարիներին մեծ աղմուկ են բարձրացրել: Դրանց անհրաժեշտության և քանակի վերաբերյալ հետզհետե ավելացող վիճաբանությունները համընդհանուր բողոքի վերածվեցին, երբ 2015 թ.-ին երեք երեխաների մայր Էվա Բայլենը    նախաձեռնեց Կրթության նախարարությանն ուղղված ստորագրահավաք` տնային հանձնարարությունների վերացման պահանջով` հավաքելով 200 000 ծնողի ստորագրություն… Արդյունքում իսպանական հասարակությունը կիսվում է  միանգամայն հակառակ կարծիքներ պաշտպանող երկու հակադիր բևեռների:

Մի կողմից Էվա Բայլենի կողմնակիցները պնդում են, որ ծավալուն տնային հանձնարարությունները  բոլորովին չեն նպաստում սովորողի առաջադիմության բարձրացմանը, հաճախ որևէ մանկավարժական արժեք չունեն, խլում են երեխայից այն արժեքավոր ժամանակը, որ նա պետք է անցկացնի իր ընտանիքի հետ շփվելով, ընկերների հետ խաղալով, իր հետաքրքրություններով զբաղվելով, մշտական սթրեսի, հոգնածության և ճնշվածության պատճառ են դառնում,  ընդգծում և խորացնում են սոցիալական անհավասարությունները, խաթարում են ընտանեկան կյանքի ռիթմը և լարվածություն առաջացնում, վերացնում են սովորելու ցանկությունը և  նման են արտաժամյա չվարձատրվող աշխատանքի. չէ՞ որ երեխան արդեն միջինում 6 ժամ անցկացրել է դպրոցում դասեր անելով:
Մինչդեռ  հակառակ կարծիքը պաշտպանողները վստահեցնում են, որ տնային հանձնարարություններն անհրաժեշտ են, քանի որ ստեղծում են ողջ կյանքի համար  կարևոր ինքնակազմակերպման կարողություն, պատասխանատվության զգացում, սովորեցնում են աշխատել որոշակի արդյունքի հասնելու համար, դաստիարակում են կարգապահություն, նպատակասլացություն և սեփական ժամանակը խելամիտ տնօրինելու կարողություն: Նրանք նշում են այնուամենայնիվ, որ հանձնարարությունների քանակը ակնհայտորեն հստակեցման կարիք ունի, ինչպես նաև անհրածեշտ են համարում ուսուցիչների միջև համագործակցությունը` կոորդինացնելու համար յուրաքանչյուր օրվա  հանձնարարությունների քանակը ըստ դասաժամերի այդպիսով խուսափելով ծավալուն կուտակումներից:

Դժգոհությունների մեծացող ալիքը բերում է նրան, որ Իսպանիայի կրթական համակարգում փոփոխություններ պահանջող ծնողները  (CEAPA –
Confederación Española de Asociaciones de Padres y Madres del Alumnado – Աշակերտների Ծնողների Միությունների Իսպանական Կոնֆեդերացիա) 2016 նոյեմբերին որպես բողոքի ակցիա հայտարարում են մեկ ամիս շաբաթ-կիրակիներն առանց տնայինների անցկացնելու որոշման մասին` անվանելով նախաձեռնությունը «ընկած մատիտների ցույց»:
Նախաձեռնությանը մասնակցող ծնողները ամբողջ նոյեմբերի ընթացքում անցկացնում էին շաբաթ և կիրակի օրերն  իրեն դպրոցական երեխաների հետ` առանց որևէ տնային հանձնարարություն կատարելու` երկուշաբթի երեխայի հետ  դպրոց ուղարկելով ուսուցչին ուղղված գրություն, որ հաստատում էր, որ երեխան անպատրաստ է դասերին ծնողի գիտությամբ և համաձանյությամբ:

Հետաքրքրական է, որ Իսպանիան եվրոպական այլ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում  ըստ սովորողների` դասերի վրա ծախսվող արտադասարանական ժամերի քանակի` հասնելով միջինում շաբաթական 6,5 ժամի (եվրոպական այլ երկրներում միջինում շաբաթական 4 ժամ): Այդուհանդերձ  սովորողների առաջադիմության հիմնական ցուցանիշներով Իսպանիան զգալիորեն զիջում է իր բոլոր հարևան երկրներին:

La ‘guerra’ de los deberes: padres contra padres por las tareas escolares

España tiene un problema con los deberes escolares

 

Advertisements