Տարօրինակ է, որ այս մասին չի խոսվում կամ հոդված, որ չի հրապարակվի Դպիրում

Որպես ուսումնական տարվա ամփոփում` այս անգամ ընտրել եմ կրթահամալիորւմ առկա խնդիրների մասին բարձրաձայնելու բարդ, բայց, ըստ իս, համակարգի առողջացման համար անհրաժեշտ գործը: Անհրաժեշտ, քանի որ բոլորս աշխատանքի ընթացքում բախվում ենք այդ խնդիրներին, բայց դրանց մասին գերադասում ենք չխոսել: Իսկ խնդրի լուծմանն ուղղված  առաջին քայլը դրա մասին բարձրաձայնելն է:

Այսպիսով, սկսեմ համեմատաբար հեշտ թեմայից` ֆիզիկական միջավայրից: Մենք հայտարարում ենք, որ նպատակ ունենք ուսուցման ավանդական եղանակները ամբողջապես փոխարինել համակարգչային, մեդիա կրթությամբ, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր սովորող պարտավոր է ունենալ անհատական համակարգիչ` որպես ուսումնական գործիք: Դպրոցն իր հերթին, ենթադրում եմ, որ պարտավորվում է ապահովել անհրաժեշտ միջավայրը` դրանք որպես ուս. գործիք օգտագործելու համար: Եվ դասարաններում ` նախատեսված 8-25 հոգանոց խմբերի համար կա միջինում 3-4 վարդակ…  Դա նշանակում է, որ  ի սկզբանե բացառում ենք այն տարբերակը, որ բոլոր սովորողներին միաժամանակ աշխատելու համար կարող է հարկավոր լինել համակարգիչը միացնել հոսանքին: Ինչու՞: Այսինքն ի՞նչ է ենթադրվում, որ կամ բոլորը միաժամանակ չպետք է  աշխատեն, կամ սովորողների գոնե մի մասը գերցածր էներգիա սպառող գերհամակարգիչներով պետք է զինված լինի, որոնք հարկավոր չէ լիցքավորել ամբողջ օրվա ընթացքում: Ցավոք սրտի, երեխաների համակարգիչները այդպիսին չեն, շատ շատերինը աշխատում են միմիայն հոսանքին միացված լինելու դեպքում: Եվ ուրեմն, պարզ տրամաբանությամբ, 20 աշակերտի համար նախատեսված դասասենյակում անհրաժեշտ է 20 վարդակ, ոչ պակաս: Այս խնդրին բախվում են բոլորը, և անհասկանալի է, որ չի բարձրաձայնվում այս մասին:

Կրթահամալիր առաջին այցելության ժամանակ անկասկած ամենագրավիչ էլեմենտներից մեկը թափանցիկ պատերն են, իրոք, ես էլ եմ շատ հրապուրվել այդ թափանցիկությամբ, բայց կա մի բան, որ հաշվի չի առնված և որ գործնականում շատ հաճախ էապես խոչընդոտում է ուսումնական պրոցեսը. շատ ցածր ձայնային մեկուսացումը հարևան դասասենյակներում, ինչը նյարդայնացնում և  խանգարում է բնականաբար և՛ ուսուցչին և՛ սովորողներին: Սա կարող է նաև պատճառ դառնալ տհաճ խոսակցության, քանի որ երգ լսելու կամ երգելու, տեսահոլովակ դիտելու,  ակտիվ խաղ կազմակերպելու դեպքում հարևան դասարաններում պարզապես անհնար է դառնում աշխատանքը: Կարծես թե փոքրիկ աննշան դետալ է, բայց գործնականում ձախողման պատճառ կարող է դառնալ: Լուծում դժվարանում եմ առաջարկել…

Կարծում եմ ֆիզիկական միջավայրի կարևորությունը չպետք է թերագնահատել, և դրա` ուսումնական պրոցեսը խաթարող կամ խթանող ազդեցությունը արժեր քննել, օրինակ, այլոց փորձի ուսումնասիրմամբ: Անձամբ ես  վստահ եմ, որ դատարկ, ոչնչի հետ չասոցացվող, դժգույն պատերով դասասենյակները բոլորովին չեն օգնում ու տրամադրում սովորողին, մինչդեռ կարելի էր դրանք օգտագործել ակտիվ պատկերավոր ձևով հիշողության և ուշադրության վրա  ներազդելու, տվյալ առարկայի հանդեպ տրամադրելու և զուտ գրավիչ դարձնելու համար: Կարելի է ընտրել լավ մտածված մշտական ձևավորում, ինչի օրինակներ տեսել եմ լեզվի ուսուցման շատ հետաքրքիր կենտրոնում, որտեղ ամեն պատ, դուռ, աստիճան, նույնիսկ վարդակ որևէ բան էր սովորեցնում, ակնարկում, հիշեցնում, ստիպում մտածել, կամ ժպտալ: Կամ մյուս տարբերակը` էլի շատ գործուն ազդեցությամբ, ժամանակավոր, տվյալ նախագծին կամ դասին ծառայող, ընթացքում ժամանակ առ ժամանակ փոփոխվող փակցված պատկերներ, գրություններ ու էլի հազար ու մի բաներն են` պատրաստված դասավանդողի, սովորողների, կամ համատեղ աշխատանքով: Կուզեի հուսալ, որ առաջիկայում կլինի յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացված անկյուն, որտեղ հնարավոր կլինի առավելագույնս օգտագործել յուրաքանչյուր սանտիմետր,  որտեղ մտնելով սովորողներն հենց սկզբից կընկղմվեն  լեզվամշակութային բնորոշ միջավայրի մեջ:

Հաջորդ հարցը. ինչու՞ ոչ գրատախտակ: Ինչ խնդիր կա գրատախտակի հետ, ինչու վերցնել ուսուցչից մի գործիք, որ հարմար է, պրակտիկ, բազմաֆունկցիոնալ, հեշտ իր օգտագործման մեջ, ընդ որում չտալով նրան ուրիշ ավելի կամ գոնե նույնքան արագ, հարմար, արդյունավետ գործիք: Ինչու՞ արհեստական բարդեցնել գործը: Ինչո՞վ է հարմար գրատախտակը. վիզուալ արագ ազդակներ փոխանցելու համար, սովորողի մոտ ծագած պարզագույն հարցի արագ բացատրության համար, վերջապես հազար ու մի խաղ կազմակերպելու համար: Փոխարենը ինչո՞վ է օգնում գրատախտակի բացակայությունը, ինչո՞վ է նպաստում դասին: Ինչու հնարավոր գործիքները ավելացնելու փոխարեն պակասացնել դրանք, մեթոդը փոխելու վրա աշխատելու փոխարեն ուղղակի գործող միջոցները վերցնել:

Մեկ այլ ցավոտ խնդրի մասին, առկա, դժբախտաբար, երևի թե բոլոր պետական դպրոցներում. սանհանգույցները… Այստեղ որևէ բան բացատրելու, քննարկելու բան չկա, երևի թե հնարավորության, մեծ միջոցների հարց է. կամ մտածելակերպի.. միայն մի նկատառում. ցանկացած հասարակության քաղաքակրթության իրական, այս պահի մակարդակը և անձի ինքնահարգանքի աստիճանը տվյալ համայնքում  երևում է հասարակական սանհանգույցներում, և ոչ թե մշակույթում, գրքերում, տեխնոլոգիաներում. սա ես չեմ ասում, հայտնի բան է…  և այդտեղից էլ նաև մնում է ամեն այցելուի առաջին կայուն տպավորությունը:

Ֆիզիկական միջավայրի մասին ավարտեմ մի ցանկությամբ. շատ կուզեի, որ Մայր դպրոցում լիներ հատուկ ֆիլմեր դիտելու համար նախատեսված փոքրիկ սենյակ` հարմարեցված և տրամադրող, որտեղ ոչ միայն սովորողները կհավաքվեին ֆիլմեր դիտել- քննարկելու, այլ նաև ուսուցիչները:

Անցնեմ այլ խնդիրների, որոնց մասին նույնպես ընդունված չէ խոսել կրթահամալիրում: Օրինակ,  ինֆորմացիայի տարածման պարզ, հասկանալի, դյուրընթեռնելի, դյուրամարս տարբերակների մշակումը: Եթե չեմ սխալվում, Էնշտեյն էր ասում, որ եթե դուք չեք կարող բացատրել որևէ բան բավականաչափ պարզ, ուրեմն դուք ինքներդ դա այնքան էլ լավ չեք հասկանում: Եթե մենք գիտենք, թե ինչ ինֆորմացիա ենք ուզում փոխանցել հասցեատիրոջը, և ինքներս լավ պատկերացնւմ ենք, թե ինչի մասին է խոսքը, ինչու՞ պարզապես չձևակերպենք դա դյուրըմբռնելի ձևով: Եկեք հրաժարվենք լոզունգային ոճից ի օգուտ մարդկային հասկանալի ձևակերպումների և անմիջականության: Եվ սրա հետ առնչվող ևս մի խնդիր. արդյո՞ք մեր ուզած փոփոխությունը, նորարարությունը հին բառերը նոր բառերով փոխարինելն է: Օրինակ, կոչենք անգիրը անգիր, թե բերանացի, դրանից անգիր արված բանաստեղծության բովանդակությունը  և թողած ազդեցությունը միևնույն է չի փոխվի: Ու նմանատիպ շատ օրինակներ:

Մի քանի բառ ծնողական համայնքի հետ կապի թյուր պատրանքի մասին: Այդ թյուր պատրանքը ստեղծում է թերևս էլեկտրոնային նամակագրական արագ, անմիջական կապի հնարավորությունը, որն ինքնին շատ-շատ ողջունելի ու արդյունավետ է ծնողի և դպրոցի միջև անմիջական ինֆորմացիայի փոխանակման համար: Բայց արդյո՞ք պահպանվում է բովանդակային կապը երեխայի զարգացման երկու պատասխատու կողմերի` ուսուցչի և ծնողի միջև: Կարծում եմ` ոչ: Ծնողական հավաքների իսպառ բացակայությունը գուցե նորարարական է, չգիտեմ, բայց թե՛ որպես դասավանդող, թե՛ որպես ծնող, ես ավելի շատ որպես  խոչընդոտ եմ տեսնում երկու կողմերի համատեղ մտածված, խորքային համագործակցւոթյան ճանապարհին: Նույնիսկ երբեմն թվում է, թե մենք խուսափում ենք ծնողական համայնքից, վախենում, գուցե այն հարցադրումների պատճառով, որ կարող են ծագել, բայց չէ՞ որ այդ հնարավոր հարցերն ու կասկածները չեն փարատվում, միայն որովհետև մենք չենք լսւոմ դրանք. բոլորովին հակառակը: Վերաճում են թյուրընբռնումների, դժգոհության, ընդհանուր բացասական կարծիքի ձևավորման և տարածման: Ոչ, ես չեմ առաջարկում վերադառնալ բոլորիս լավ ծանոթ ու անիմաստ կիսամյակը-մեկ-անգամ ծնողական ժողովներին, այլ փորձել մեկ այլ ձևաչափ, որ կնպաստի արդյունավետ համագործակցությանը:  Օրինակ, կառաջարկեի ծնողների հետ հանդիպման մի մշտական օր ունենալ, ասենք` ամեն ամիս վերջին որբաթ օրը, մեդիաուրբաթից հետո կամ հենց այդ ժամանակ (այս մասին քիչ հետո), կամ շաբաթ առավոտյան, գուցե փոքրիկ հյուրասիրության շուրջ, որին մասնակցությունը սակայն կլինի ոչ պարտադիր, այլ ցանկալի, և որին կխոսվի գալիք ամսվա անելիքների մասին (գիտեմ, որ ամեն ինչ հրապարակված է, հասանելի, բայց բոլորս գիտենք նաև, որ սակավ ծնողների է հասնում), առանձին սովորողների խնդիրների մասին, փոփոխությունների կամ դրանց բացակայության, առաջընթացի կամ հետընթացի մասին. հնարավոր կլինի լսել ծնողների առաջարկներն ու դժգոհությունները, քննարկել կամ փարատել դրանք` պարտակելու փոխարեն: Ընդունելի չեմ համարում «մենք միշտ բաց ենք յուրաքանքյուր ծնողի համար, կարող են գալ, երբ կուզեն» լոզունգային առարկությունը, խոսքը բոլորովին այլ բանի մասին է: Նույնիսկ նպատակահարմարության համար կարելի է ֆորմալ նախագծային ձևակերպում տալ այդ հանդիպումներին` «Հեղինակային ծրագրի ձևավորումը և գործարկումը ծնող- ուսուցիչ համագործակցությամբ»: Գիտեմ, որ սա սվիններով կընդունվի առաջինը ուսուցիչների կողմից, քանի դեռ մենք մեկ ամիս առաջ հստակ անփոփոխ ծրագրված չունենք մեր և դասարանի անելիքները, քանի դեռ վերջին րոպեի փոփոխությունները, որոշումերն ու հրահանգները մեր  աշխատանքի կայուն բաղկացուցիչ մասն են:

Հաջորդի մասին կարճ. երբ ամեն ինչ բոլորի գործն է, արվում է, լավագույն դեպքում վատ, վնասում է հիմնական պարտականություններին, մասնագիտական դեմոտիվացիայի է բերում,   գերհոգնածության, արվածն էլ շոուից այն կողմ չի անցնում: Պատմությունը, կարծես, նման մոտեցման ձախողման վառ օրինակներ ցույց է տվել ոչ շատ վաղ անցյալում: Որեմն ինչու՞ յուրաքանչյուրը չանի այն, ինչ գիտի անել, ինչն իր գործն է, ինչը կարող է անել լավագույնս ու սիրով:

Մեկ այլ խնդիր, որը, կարծես թե գիտակցում են բոլորը, սակայն նույնպես չի քննարկվում: Երբ ասում ենք, որ ներառական կրթություն ենք իրականացնում, արդյո՞ք դասավանդողները գիտեն, գոնե մոտավոր, թե ինչ է դա նշանակում և ինչպես դա անել, ինչպես աշխատել ներառական երեխաների հետ: Անկեղծ ասեմ՝ ես` ոչ: Իսկ պատասխանատվությու՞նը այդ երեխաների ու նրանց ծնողների առջև: Չէ՞ որ զուտ թույլ տալ նույն դասարանում նստել, բոլորովին չկ նշանակում ներառական կրթություն իրականացնել։

Սրա հետ է առնչվում նաև ընդհանրապես ուսուցիչների վերապատրաստումների հարցը: Կրթահամալիրում աշխատանքի ընդունվուց առաջ մասնագետն անցնում է քառօրյա վերապատրաստում` հիմնականում ուղղված համակարգչային հմտությունների ձեռքբերմանը: Բայց մտածենք, ինչքանով է դա խելամիտ, արդյո՞ք չորս օրում ձևավորում ենք այն ուսուցչին, ում կարելի է վստահել այլընտրանքային ծրագրով դասավանդում, սեփական հեղինակային ուսումնական ծրագրի ստեղծում, կամ այլ կերպ ասած` միայն  համակարգիչների կիրառմա՞մբ ենք ուզում, որ տարբերվի կրթահամալիրի դասավանդողը ավանդական դպրոցի մանկավարժներից: Այստեղ կարծում եմ լուրջ անելիք կա, շատ ավելի մանրակրիտ, մտածված աշխատանք, թե տեսական, թե պրակտիկ,  նոր աշխատակիցներին այլ տիպի մանկավարժության մեթոդնաբանությանը ծանոթացնելու, սովորեցնելու, ցանկալի մանկավարժ պատրաստելու հարցում:  Կարծում եմ` այդ գործառույթը իրենց վրա կարող էին  վերցնել  մասնագիտական խմբերը, որոնց ինչով զբաղված լինելը, անկեղծ ասած, գոնե ինձ հասկանալի չէ: Իմ պատկերացմամբ հենց դասավանդման միջոցների, եղանակներ, ընդունելի տարբերակների, գործիքների, մեթոդաբանության վերաբերյալ քննարկումների, ընդհանուր գիծ մշակելու շուրջ պետք է համախմբված լինեին այդ խմբերը, ինչպես նաև զբաղվեին նոր կադրերի հետ նախնական աշխատանք կատարելով:

Ուզում եմ խոսել ազատության մասին.. հռչակված, բայց հաճախ չգործող… Արդյո՞ք մենք թույլ ենք տալիս երեխաներին այն ըմբոստությունն ու անհամաձայնությունը դրևորել, որ ցանկալի կլիներ հետագայում ուժեղ անհատի ձևավորման համար: Կարծում եմ` ոչ:

Այստեղ հարկ է քննել նաև համերգներին պարտադիր ներկայության իմաստն ու արդյունավետությունը: Վստահ եմ, որ ներկա լինելու պարտադրանքը թե՛ սովորողի, թե՛ դասավանդողի համար և՛ արժեզրկում է համերգը, և՛ խանգարում իր կամքով եկողին: Առնվազն տխուր է տեսնել համերգի ժամանակ անվերջ փսփսացող, հեռախոսային խաղից չպոկվող, չաթ անող մարդկանց, ովքեր, վստահ եմ, բոլորովին այլ կերպ կվարվեին, եթե սեփական կամքով տոմս գնած լինեին որևէ համերգի գնալու համար: Կիսադատա՞րկ կլինի համերգասրահը, ինչ հոգ,  առնվազն կգան նրանք, ովքեր իրոք կվայելեն ու կգնահատեն, շնորհակալ կլինեն, մասնակիցներն էլ իրենց գնահատված կզգան: Գուցե սկզբնական շրջանում ընդհանրապես ոչ ոք չգա, լիովին սպասելի է, մարդիկ կուզենան իրացնել  ազատ ընտրության հնարավորությունը, և միայն  փորձարկելով  չգալու ազատությունը` հետո կփորձեն սեփական կամքով գալը, եթե դա նրանց հարկավոր է, եթե ի վիճակի են լսել ու գնահատել: Իսկ եթե ոչ, մի՞թե բռնի կարելի է կրթել, սիրել տալ, մի՞թե ստիպողաբար ներկա գտնվելը բացասական չի անրադառնում թե սովորողի, թե դասավանդողի անձի ձևավորման վրա, կրթահանալիրի հանդեպ հարգանքի վրա:

Նույնը վերաբերվում է ընդհանուր պարապմունքին պարտադիր ներկայությանը: Առաջինը դա ապամոտիվացնում է սիրով մասնակցողներին:  Այսպես զուտ դիտորդ տղամարդ ուսուցիչը ազդում է տղա սովորողների վրա որպես ընդօրինակման նմուշ, և զարմանալի չէ, որ բարձր դասարանների տղաները հիմնանակում խուսափում են ակտիվ մասնակցել ընդհանուր պարապմունքին: Կարելի է փորձել տարբեր լուծումներ տալ, օրինակ այլընտրանքային պարապմունքներ առաջարկել, կան սովորողներ, ովքեր կնախընտրեին օրինակ ամեն օր 15-20 րոպե ընթերցանությամբ զբաղվել գրադարանում` ընդ որում ունենալով նույն կերպ լուռ ընթերցող ուսուցիչների օրինակը (ոչ թե զրուցող, այլ հենց գիրք կարդացող), կարելի է անել միասնական ընթերցում, մյուսները գուցե նախընտրեն փոքր խմբերով կարճ քննարկում, հարց ու պատասխան որևէ առարկայական ուսուցչի հետ, կամ բակային աշխատանք կատարել, կամ թենիս խաղալ, ինչու ոչ, կարծում եմ ավելի խելացի մարդիկ ավելի խելացի առաջարկներ էլ կունենան: Նման դեպքում  Մարմարյա սրահում կմնան միայն ակտիվ ու սիրով մասնակցողները, իրար ոգևորողներն ու ոգևորվողները, իրարից դրական օրինակ ու լիցքեր վերցնողները: Ու կարևորը նրանք, ովքեր կգիտակցեն, որ իրենց սեփական կամքով են այդտեղ:

Արհեստական խոչընդոտների մասին: Վատություն անելու մասին:

Երբ փոքր էինք հայրս հաճախ մեզ տանում էր իր աշխատանքի վայրը` Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ` մութ տարիների բնորոշ դատարկությամբ, ահռելի կամ գոնե այդպիսին թվացող շատ լուռ ու շատ լուրջ հաստատություն:  Առաջին անգամ այդտեղ եմ թենիս խաղացել: Այո, այդ լուրջ նեյրոուսումնասիրություններ անող ինստիտուտի մի մեծ սենյակ տրամադրված էր հսկա (կամ գոնե ինձ այն ժամանակ այդպիսին թվացող) թենիսի սեղանների:

Այն ժամանակ իմ կարճ խելքով դա անհասկանալի ատրիբուտ էր թվում այդտեղ, անտեղի շռայլություն:

Շատ հետո էր, որ սկսեցին մեծ աղմուկով ու զարմանքով շրջանառվել ամենահարուստ մեգա ընկերությունների գերժամանակակից գրասենյակները` հագեցած…. տեսակ-տեսակ խաղային սենյակներով, զվարճանքի ու լիցքաթափման լայն հնարավորություններով, հանգստի հատուկ սենյակներով… Եվ այդ ամենը, ոչ թե որովհետև չգիտեն, թե փողն ինչպես օգտագործել, այլ որովհետև հասկանում են, որ ընկերությունը աշխատացնող ու փող բերող  աշխատակիցները այդպես ավելի լավ են աշխատում, երբ լիցքաթափվելու, բարդ խնդրից կտրվելու, շեղվելու, ցրվելու, շարժվելու, ծիծաղելու հնարավորություն են ունենում, և հենց աշխատանքային ժամերին… Տրիվիալ է, բայց փաստ` ցանկացած մարդ ավելի լավ է աշխատում, երբ լավ է զգում իրեն, և ընկերությունն իր գործն է համարում ապահովել դրա հնարավորությունը:

Հիմա, ի՞նչ ենք անում մենք այս կապակցությամբ. արգելում ենք ուսուցիչներին օգտվել լիցքաթափվելու ոչ այնքան մեծաթիվ հնարավորություններից, օրինակ թենիս խաղալու հնարավորությունից: Այո, հենց հատուկ արգելում ենք, հատուկ խոչնդոտում, այլ կերպ չի կարելի անվանել թենիսի սրահում պարտադիր մարզահագուստ կրելու խիստ ցուցումը.. ինչու՞, ինչի՞ համար, ոչ նստում ես, ոչ պառկում, ոչ ձգվում, ոչ կեղտոտում  հատակը, ոչ ինքդ կեղտոտվելու հնարավորություն ունես….  եթե թենիսի սրահ մտնելու չափանիշը տաբատի կտորի որակն է հայտարարվում, ինչ անվանել դա, եթե ոչ հատուկ քայլ երբեմն իրենց ազատ պահերին թենիսի սրահից օգտվող մի քանի շատ կոնկրետ  ուսուցիչների դեմ:    … չեմ հասկանում, թե ինչ կերպ նման վերաբերմունքը կարող է խրախուսել  ու ոգևորել դասավանդողին, կամ ելնել կրթահամալիրի շահերից:  Իսկ պարասրահում պարելու համար հատուկ հագուստ հարկավոր չէ՞, չէ՞ որ շատ ավելի լարված շարժումներ պահանջող, և ավելի մեծ քրտնարտադրություն առաջացնող մի սպորտաձև էլ նա է: Իսկ ընդհանուր պարապմունքի՞ համար:  Այսինքն ինչ է ստացվում, ինչքան վատ զգա իրեն աշխատակիցը, այնքան լա՞վ: Ինչքան ճնշել, զրոյացնել, հեղինակազրկել ուսուցչին, այնքան լա՞վ կրթահամալիրի համար:

Եվ վերջապես վերջին կետով անրադառնամ աշխատանքային պայմանագրերին:

Առաջինը` ամոթալի, նվաստացուցիչ ու հակաիրավական է այն, որ աշխատակիցների ճնշող մեծամասնությունը չունի աշխատանքային պայմանագրի իրենց` ստորագրված, կնքված օրինակը: Ցավալի է:

Երկրորդը` ամոթալի, նվաստացուցիչ ու հակաիրավական է այն, որ աշխատակիցների ճնշող մեծամասնությունը չգիտի, թե ինչքան  աշխատավարձ է ստանում իր պայմանագրով, այս կամ այն լրացուցիչ աշխատանքի համար: Ցավալի է:

 

Առնվազն տարօրինակ են նոր կադրերի ընդունման և նրանց աշխատանքի գնահատման մոտեցումն ու սկզբունքները: Գաղտնիք չէ (կամ գուցե այո՞), որ աշխատակցի հետ բացի քառօրյա զուտ տեխնիկական վերապատրաստումից և երգի ու  պարի ճամբարային ուսուցումից, որևէ այլ նախապատրաստում չի անցկացվում, այսինքն  ոչ միայն ղեկավար օղակները չեն հետաքրքրվում, թե ինչպես, ինչ մեթոդներով է պատրաստվում դասավանդել, արդյո՞ք այդ մեթոդները բավարարում են, թե ոչ կրթահամալիրի պահանջները, այլև իրեն երկու բառից այն կողմ չի բացատրվում,  թե իրենից ինչ սպասելիքներ ունեն, ինչպե՞ս են ուզում , որ նա դասավանդի, իրեն չեն ծանոթացնում այլ կերպ աշխատելու ոչ մեթոդներին, ոչ գործիքներին, ոչ կոնկրետ դասի վարման եղանակներին,   եթե պահանջը նախագծային ուսուցումն է (խոստովանենք` իրականում չհասկացված ու չկիրառվող գործող ուսուցիչների մեծ մասի կողմից), նոր ուսուցչին չի բացատրվում, թե ինչ բան է նախագիծը իր կոնկրետ առարկայի դեպքում, ինչ բան է նախագծային ուսուցումը, նոր ընդունված ուսուցչին ո՞վ է նոր մեթոդներ սովորեցնում,  ով է նրան սովորեցնում, թե ինչպես են ուզում, որ նա վարի իր դասը: Փաստացի հայտարարում ենք, որ ամեն ուսուցիչը ինքն է իր ծրագրի հեղինակը, ընդունում ենք այլընտրանքային ուսուցման մեջ անփորձ մասնագետի` պահանջելով նրանից սեփական ծրագրով աշխատել, հետո հայատարարում ենք, որ նա չի արդարացրել մեր սպասումները: Այսինքն ո՞ր սպասումները:

Անկեղծ ասած ընդհանուր միտում է զգացվում միջակ կամ թույլ մասնագետներին գերադասել ուժեղ, մասնագիտորեն կայացած և հեռանկարային կադրերից, երևի որովհետև թույլերին, բնականաբար, հեշտ է կառավարել: Սակայն մի պարզ փաստ է անտեսվում, որ ուժեղ գրավիչ դպրոցը կառուցվում է  ուժեղ մասնագետների վրա:  Եվ գրավիչ է դառնում, հենց այդպիսի մասնագետների առկայությամբ: Բոլորս շատ լավ գիտենք, որ հենց լավ մասնագետների մասին են հարցուփորձ անում ծնողները երեխայի համար դպրոց ընտրելիս, ընդ որում  հենց իրար հարցուփորձ անելով են ընտրում, ոչ թե կայքեր ու բլոգներ նայելով: Սա մեկ այլ զավեշտ է, չգիտակցել, որ Հայաստանում  ինֆորմացիայի հայթայթման միակ իրական եղանակը իրար, հարևաններին, բարեկամներին  իրենց անձնական փորձի մասին հարցուփորձ անելն է: Այսինքն կրթահամալիրի հետ առնչվող ցանկացած ծնող և ուսուցիչ ինֆորմացիայի, դրական կամ բացասական կարծիքի տարածող է, ոչ ոք երբեք դպրող չի ընտրում կայքը մտնելով, բլոգները կարդալով: Հիմա նորից եմ հարցնում ` ինչքան վատ զգա իրեն աշխատակիցը, այնքան լա՞վ, ինչքան ճնշել, զրոյացնել, հեղինակազրկել ուսուցչին, այնքան լա՞վ կրթահամալիրի համար:

 

 

ինչքան գերծանրաբեռնել ուսուցչին այնքան վատ աշխատող, նայեք հոգնած բացակա դեմքերին, դրանք

բջջային հեռախոսներ

Շարունակելի..

 

  • ծրագրի հեղինակ??? պատրաստված??? նոր մեթոդներ ով է սովորեցնում նոր ընդունված ուսուցչին?????

 

Նախնական կետեր, խնդիրներ

  • ազատություն, իրո՞ք. պարտադիր ներկայությունը համերգներին և արժեզրկում է համերգը, և խանգարում իր կամքով եկողին: Նպատա՞կը: Երբ տոմս եք գնում ու գնում  համերգի, երբևէ լսե՞լ եք որևէ փսփսոց, կամ տեսել հեռախոսային խաղից չպոկվող, չաթ անող մեկին, իսկ ինչո՞ւ:
  • Պարտադիր ներկայությունը ընդհանուր պարապմունքին`​  ապամոտիվացնող սիրով մասնակցողների համար. օրինակ, զուտ դիտորդ տղամարդ ուսուցիչը` որպես ընդօրինակման նմուշ: Այլընտրանքային պարապմունքներ առաջարկել
  • թենիսի սրահի մարզահագուստ…  իսկ պարասրահի՞. արհեստական խոչընդոտներ
  • աշխատողների գոնե մի զգալի մասը չգիտի, թե որքան աշխատավարձ է ստանում

___

  • ֆիզիկական միջավայր. վարդակների ծայրահեղ պակաս, ձայնային մեկուսացում, ֆիլմերի դիտման հարմար սենյակ, դատարկ պատեր, օտար լեզուներին հատկացված անկյուն. ինչու՞ ոչ գրատախտակ. առաջին և ամենակայուն կարծիք ձևավորող տպավորությունը` սանհանգույցներից
  • ծնողական համայնքի հետ կապի թյուր պատրանք, մենք խուսափու՞մ ենք նրանցից
  • ինֆորմացիայի տարածման պարզ, հասկանալի, դյուրընթեռնելի, դյուրամարս տարբերակների մշակում
  • հին բառերը փոխարինում ենք նորերով, երբեմն հասկանալի, երբեմն`ոչ. փոխվո՞ւմ է էությունը
  • երբ ամեն ինչ բոլորի գործն է… արվածը շոու է
  • ներառական կրթություն. արդյո՞ք դասավանդողները գիտեն, թե ինչ է դա նշանակում և ինչպես դա անել. ես` ոչ
  • Վերապատրաստում. արդյո՞ք չորս օրում ձևավորում ենք այն ուսուցչին, ում կարելի է վստահել այլընտրանքային ծրագրով դասավանդում:
  • Մասնագիտական խմբեր. ինչով են զբաղվում
Advertisements