Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում

Երբ արվեստը կայնք է առնում.

Նորագույն տեխնոլոգիաները և գեղարվեստական կրթությունը

 

Քիչ չեն ուղղությունները, որոնք տեսական և կիրառական արվեստի միջոցով փորձում են մոտեցնել մարդկության ժառանգությունը հասարակությանը: Ըստ էության թանգարանային հաստատությունների դեպքում ճիշտ հակառակն է: Շարունակելուց առաջ հիշենք  թանգարանի բնորոշումը, որ տալիս է Թանգարանների միջազգային Խորհուրդը. «Թանգարանը կայուն, շահ չհետապնդող հաստատություն է, որ ծառայում է հասարակությանը և բաց է հանդիսատեսի համար, և որը ձեռք է բերում, պահպանում է, ուսումնասիրում է, ցուցադրում է և տարածում է մարդկության նյութական և ոչ նյութական ժառանգությունը` ուսումնասիրության, կրթության և ժամանցի նպատակներով»:  Թանգարանները տարբեր միջոցներ են նախաձեռնում, որոնք հնարավորություն են տալիս տարբեր հասարակական խմբերի համար իրենց հավաքածուները հասանելի դարձնել: Խոսքը չի վերաբերվում միայն ֆոնդերի ֆիզիկական կամ վիրտուալ դիտմանը, այլ նաև դրանց ընկալմանը: Լավագույն տարբերակում կրթական հաստատություններն իրենք էլ պետք է կարողանան այդ ճանաչումն ու ընկալումը խթանել:

Պարտադիր գործառույթներ լինելուց բացի` ֆոնդերի տարածումը և ժամանցի ու կրթության ռազմավարությունների հաստատումը հսկայական կարևորության քայլեր են, քանի որ նպաստում են նվազեցնելուն այն ակնհայտ հեռավորությունը, որ առհասարակ գոյություն ունի այդ հաստատությունների և հասարակության միջև: Այդ իմաստով ՏՀՏ-ների կիրառումը նոր հնարավորությունների լայն դաշտ է բացում… Ինչ կլիներ, եթե որևէ ցուցահանդեսի այցելությունը վերածվեր մի տպավորիչ շրջայցի քո սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ: Իսկ եթե կարողանայիր կրկնել այն ցանկացած վայրի՞ց:

Ոչ, սա գիտաֆանտաստիկա չէ, այլ լրացված իրականություն (Augmented reality): Այս եզրույթը, ըստ FrameAr-ի մեկնաբանության, վերաբերվում է «իրական կյանքի որևէ ֆիզիկական միջավայրի ուղղակի կամ անուղղակի դիտմանը` համակցված վիրտուալ էլեմենտների հետ` իրական ժամանակում խառնածին իրականություն ստեղծելու նպատակով»: Այլ կերպ ասած, այն շրջապատից մեր ստացած ինֆորմացիայի ավելացումն է, լրացումը որևէ սարքի միջոցով: Այս տեխնոլոգիան սկսում է կիրառվել կյանքի բոլոր ոլորտներում` սկսած զավեշտալի ծրագրերից, որոնք լրացնում են մեր լուսանկարները մինչև վիրաբուժական միջամտությունների համար նախատեսված ասիստենտների: Ուսումնական տեսակետից դրա կիրառությունը կարող է հասնել այնքան հեռու, որքան մեր երևակայությունը թույլ կտա:

Պատկերացնենք ուրեմն, որ ամբողջ մի թանգարան կյանք առնի, որ դիմանկարների պերսոնաժները թողնեն իրենց քարացած կեցվածքները, որպեսզի մեզ բացատրեն որևէ գլխարկի, կամ գույնի, կամ վարագույրի ետևում թաքնված պատմությունը: Այ սա իրոք կնշանակի հասանելի դարձնել մշակութային ժառանգությունը իր բովանդակությամբ, խթանել ուսուցումը այն սարքերի միջոցով, որոնք արդեն մեր առօրյայի անբաժան մասն են կազմում: Այս նորարարական առաջարկը, ներշնչված «կենդանի նկարի» գաղափարից, հնարավորություն է տալիս ընտրել շրջայցերի տևողությունը, թեմատիկան և բարդության աստիճանը, ինչպես նաև ցուցահանդեսներում գանձերի որոնման խաղեր և մրցություններ անցկացնել:

Այս մտքից է սկիզբ առել FrameAR ստարթափը` նպատակ ունենալով ստեղծել ուսումնական նյութ թանգարանների և ցուցահանդեսների համար: Այս նախագիծը փորձում է կառուցել կամուրջ հասարակության և պատմական կամ ժամանակակից գեղարվեստական ժառանգության միջև, և իրենից ներկայացնում է «արվեստ ուսանելու և արվեստից հաճույք ստանալու գործիք», քանի որ «թույլ է տալիս մեր անձնական սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով այցելել թանգարան, որի նկարները կենդանանում են, իրենք իրենց բացատրելու համար»:

Եթե դեռ կասկածներ ունեք, մի փորձ կատարենք POSSIBLElab -ի հետ: Հետևեք այս հրահանգներին.

  1. Ներբեռնե՛ք և տեղադրե՛ք “Aurasma” ծրագիրը հեռախոսի կամ պլանշետի մեջ. այն անվճար է և հասանելի ծրագրային կայքերում: Հնարավոր է, որ այն համատեղելի չլինի ձեր սարքի հետ, եթե այն հին է կամ սահմանափակ հիշողություն ունի: Այդ դեպքում հիշեցրեք որևէ մեկին, որ կիսել նշանակում է ապրել, և փորձեք իր գործիքն օգտագործել:
  2. Բացե՛ք ծրագիրը. գրանցվելու կարիք չկա:
  3. Ցանկի մեջ ընտրե՛ք A-ն (‘Aurasma”- ի լոգոն)
  4. Սեղմե՛ք որոնելու կոճակը և գրե՛ք “Possible” . հիմա փնտրում եք   ալիքը:
  5. Հայտնվում են մի քանի տարբերակներ. ձեզ հարկավոր է “Possible’s Public Auras” : Սեղմե՛ք նկարի վրա և կբացվի իր քարտի էջը:  (Միգուցե որոնման առաջին արդյունքների մեջ չլինի):
  6. Սեղմե՛ք “ Seguir -շարունակել”
  7. Հիմա երբ արդեն հետևող եք, նորից սեղմեք A-ն:
  8. Հետևյալ նկարը պահե՛ք ձեր հեռախոսի ֆոտոխցիկի առջև այնպես, որ  ամբողջ նկարը տեղավորվի հեռախոսի էկրանին: Կարևոր է, որ այլ էլեմենտներ չլինեն տեսադաշտում, քանի որ կարող են  դժվարեցնել ճանաչումը:
 foto articulo

 

Ուզու՞մ եք տեսնել ավելին:

Միայն հարկավոր է մուտք գործել Algo pasa en el museo (Թանգարանում ինչ-որ բան է կատարվում) կայք և բացահայտել այն աշխատանքը, որ Սերխիո Գարսիա Կաբեսան իրականացնում է Մադրիդի տարբեր համալսարանների Մագիսրատուրայի ուսանողների հետ: Չնայած գուցե դրանք  թվան Հոգվարթսից դուրս եկած դիմանկարներ, բայց այս դեպքում գործ ունենք ոչ թե կախարդության հետ, այլ Գեղարվեստական կրթության ոլորտում ՏՀՏ-ների կիրառման հետ: Խոսքը գնում է, ինչու ոչ, Կրթական Կենտրոնում թանգարան կառուցելու մասին` օգտագործելով սովորողների ներդրումները, այնպես, ինչպես արվում է այս դեպքում:

Յուրաքանչյուր ինտերակտիվ ստեղծագործության ստեղծման համար սովորողները խմբեր են կազմում ու նախ և առաջ մանրամասն տեղեկություններ են հավաքում, որոնումներ են կատարում ընտրված նկարի, պատկերված պերսոնաժների, հեղինակի մասին… Այնուհետև համատեղ սցենար են մշակում և բոլոր անհրաժեշտ միջոցների պլանավորում են կատարում` դերասաններ, դերասանուհիներ, հագուստ, անհրաժեշտ պարագաներ, շպար, դեկորացիա, և այլն: Սա թույլ է տալիս նրանց ճանաչել և փորձարկել այնպիսի ոլորտների աշխատանքը, ինչպիսիք են բեմական արվեստը և տեսաձայնագրումը: Դերասանների ընտրությունից և մի շարք  փորձերից հետո իրականացվում է տեսագրության նկարահանումը, որը այնուհետև մշակում են պատկերին կցելու համար և վերբեռնում են իրենց  առարկայի կամ կենտրոնի կայք: Այս կերպ զարգացվում են մշակութային և գեղարվեստական ճանաչողությունը, հասարակական և քաղաքացիական իրազեկությունը, տեղեկատվության մշակման և թվային հմտությունները, լեզվական հաղորդակցումը, և սովորել սովորելու կարողությունը: Արվեստի պատմության ուսուցումը այդ ժամանակ հետաքրքրիր է, նորարարական և իմաստալից:

PossibleLab – ը ուսուցման տեխնոլոգիաների լաբորատորիա է, որի նպատակն է տրամադրել կրթության ոլորտի մասնագետներին անհրաժեշտ գործիքները դասարանում ամենանորարարական տեխնոլոգիաները կիրառելու համար: Դասավանդողների շարունակական կրթության իր լայն առաջարկը ներառում է ուսուցման վիրտուալ միջավայրից սկսած մինչև ուսումնական լրացված իրականությունը` ընդգրկելով համագործակցման ոլորտներ, մուլտիմեդիա միջոցների ստեղծումը, ուսուցման մեջ խաղային գործունեությունների կիրառումը և այլն:

Առաջարկում ենք այցելել հետևյալ կայքերը`

Կրթական տեխնոլոգիաների լաբորատորիա (Laboratorio de Tecnologías del aprendizaje) http://lab.espossible.es/

FrameAR: http://www.framear.com/
Ինչ-որ բան է կատարվում թանգարանում (Algo pasa en el Museo): http://algopasaenelmuseo.framear.com/

_________________________________

Թարգմանված է իսպաներենից, հոդվածի բնագիրն այստեղ` http://biblioteca.ucm.es/revcul/e-learning-innova/124/art1806.pdf

Թեմայի մասին այլ մանրամասներ`

https://apkpure.com/br/algo-pasa-en-el-museo/com.FrameAR.AlgoPasaEnElMuseo

https://www.lasallecentrouniversitario.es/noticias/Paginas/Algo-pasa-en-el-Museo.aspx

 

 

 

 

Advertisements