Երգերի կիրառումն օտար լեզվի ուսուցման մեջ

Երգերը օտար լեզվի ուսուցման մեջ կիրառվում են արդեն շատ վաղուց, դրանք ամենատարբեր դասավանդման մեթոդներում կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում` ծառայելով օտար լեզվի ուսուցումը ավելի հետաքրքիր, աշխույժ ու դինամիկ դարձնելուն: Նախ պետք է նշել, որ երգերը օտար լեզվի հետ առաջին ծանոթացման համար շատ արդյունավետ և հարմար միջոց են, և ուսուցման սկզբնական փուլում կարևոր խթան կարող են հանդիսանալ սովորողի համար, ինչպես նաև ծառայել դասապրոցեսի մեջ թեթևություն մտցնելուն և դրական տրամադրվածություն ստեղծելուն:

Իհարկե դրանց կիրառության հնարավոր տարբերակները այսքանով չեն սահմանափակվում: Որպես դասի հավելյալ կամ բաղկացուցիչ մաս երգերը կարելի Է օգտագործել ամենատարբեր եղանակներով, օրինակ որպես տվյալ թեմայի որոշակի բառապաշարի կամ քերականական նյութի ամրապնդման միջոց: Այս դեպքում ուսուցիչն է ընտրում երգը` հիմնվելով տեքստի վրա, որը պետք է լինի սովորողների լեզվական իմացությանը համապատասխան բարդության: Նման դեպքերում երգը որպես ուսումնական նյութ օգտագործելու ամենապարզ եղանակը որոշակի քանակով բաց թողնված բառերը լսելու ընթացքում լրացնելու առաջադրանքն է:

Երգի տեքստը կարելի է նաև օգտագործել նաև սկսնակ խմբերում` որպես օտար լեզվի հնչյունական և տառային համակարգին ծանոթանալու արդյունավետ միջոց` այդպիսով փոխարինելով տառ առ տառ այբուբենի ուսուցման դասական ձևը:

Մեկ այլ առաջադրանք կարելի է կատարել` վերցնելով երկու երգեր, դրանց բառերը տող-տող կտրել և խառը կույտի միջից առաջարկել լսելու ընթացքում ընտրել այն երգի բառերը որը հնչում է: Լեզվին մի փոքր արդեն տիրապետող սովորողների համար կարելի է տեքստի միջից որոշ բառեր փոխարինել իրենց հոմանիշներով և առաջարկել լսելու ընթացքում գտնել թաքնված բառերը:

Մեկ այլ տարբերակ է երգի ուսուցումը, այն երգելու, ձայնագրելու, երբեմն նաև բեմադրելու համար. այս դեպքում երգն անպայման ընտրում ենք սովորողների հետ միասին ուսուցչի առաջարկած հնարվոր տարբերակներից, երբեմն նաև իրենց առաջարկած երգերից, քանի որ սա պետք է սիրով արվի, այսինքն քիչ հավանական է, որ երեխան երգի մի երգ, որն իրեն դուր չի գալիս, չի գրավում իր ուշադրությունը և չի հնչում շարունակ իր գլխի մեջ: Տվյալ դեպքում հիմնականում ընտրվում է ըստ ռիթմի, ըստ մեղեդայնության և տեքտի բարդությունը միշտ չէ, որ համապատասխանում է տվյալ խմբի լեզվական մակարդակին, բայց դա չպետք է խոչընդոտ համարել: Երգի ընտրությունից հետո սովորողների բնական իմպուլսն է իմանալ` ինչի մասին է երգը, և այստեղ երգի բառերի ճիշտ արտասանությանն ուղղված ընթերցանության հետ զուգահեռ շատ հաճախ սկսվում է հարցերի տարափ, որոնցով երեխաները փորձում են ճշտել այս կամ այն` իրենց հետաքրքրած բառի նշանակությունը: Այստեղ կարծում եմ կարևոր է խուսափել բոլոր պատասխանները տալուց, փոխարենը փորձել, երգի ընդհանուր իմաստը ներակայացնելուց հետո, ուղղորդել դեպի ինքնուրույն բառարանային որոնումներ:

Այսպիսով սկսվում է աշխատանք բուն տեքստի վրա:

Ելնելով երգի բարդությունից և խմբի լեզվի իմացության մակարդակից և տեքստի բառերի նշանակությունից, կարելի է հանձնարարել գտնել կամ միասին թարգմանել բոլոր բառերը, կամ դրանց մի մասը, կամ էլ միայն մի քանիսը: Իմ սովորողների հետ միասին որոշ երգերի հետ աշխատելիս փորձել ենք դրանց ամբողջական թարգմանություն պատրաստել, այսինքն բացի ընդհանուր իմաստից նաև գտնել բոլոր առանձին բառերի հայերեն թարգմանությունը և ներկայացնել մեկ էջում, որևիցե ձևաչափով, որպեսզի հետաքրքվողները կարողանան իմանալ երգի մեջ հնչող այս կամ այն առանձին բառի նշանակությունը: Կարծում եմ կարող է շատ հետաքրքիր նախագիծ դառնալ հայերեն թարգմանված իսպանալեզու երգերի բլոգի ստեղծումը (հնարավոր կլինի իրականացնել մասնագետների որոշակի տեխնիկական օգնության դեպքում):

Եթե աշխատում ենք ձայնագրություն պատրաստելու համար, երգի ուսուցումը գործում է որպես նախագիծ, այսինքն կա վերջնական նպատակ` տեսահոլովակի ստեղծումը, որի իրագործման համար որոշակի ջանքեր են պահանջվում յուրաքանչյուրի կողմից, և սա խթան է հանդիսանում միասնական թիմային աշխատանքի համար:

Տեսահոլովակը պատրաստում ենք կամ փորձերի ժամանակ արված մեր լուսանկարներով, կամ տեքստին համապատասխան նկարներով, երբեմն հատուկ ժամանակ ու վայր ենք ընտրում տվյալ երգի համար համապատասխան նկարներ կամ տեսանյութեր նկարելու համար:

Այս դեպքում հաճախ միջառարկայական համագործակցության կարիք է առաջանում, մասնավորապես երգ- երաժշտության դասավանդողների հետ, տեսագրող և ձայնագրող մասնագետների հետ, ինչը որոշ դեպքերում բարդությունների է հանգեցնում և իմ փորձի ընթացքում մի քանի անգամ նախագծի ձախողման է բերել…

Այստեղ մնում է միայն կառչել այն գիտեկցությունից, որ ի վերջո ուսման մեջ թերևս շատ ավելի կարևոր է աշխատանքային գործընթացը, ոչ թե ստացված արդյունքը: Մյուս կողմից սակայն վերջնական արդյունքի բացակայւթյունը խաթարում է սովորողի մոտիվացիան, դասավանդողի հեղինակությունը և վերացնում է հետագա նախագծերին մասնակցելու ցանկությունը:

Որպեսզի առավել մեծ լինի երգի հետ աշխատանքի արդյունավետությունը, երգում հանդիպած նոր բառապաշարը հարկավոր է շարունակել ամրապնդել` կիրառելով նոր բառերը երգի կոնտեքստից դուրս: Այսպիսով երգի տեքստը փաստորեն փոխարինում է դասագրքային տեքստերին և որոշակի առավելություններ ունի. նախ շատ դեպքերում երգն ավելի կենդանի խոսակցական լեզու է ներկայացնում և մյուս կողմից դա լեզվի չադապտացված, օրիգինալ նմուշ է: Եվ որպես այդպիսին զուտ անգիր սերտած երգելը արդեն կարևոր փորձ է դառնում այդ լեզվին նոր ծանոթացող սովորողների համար: Եվ մյուս կողմից հիմնականում ավելի գրավիչ է սովորողների համար քան ցանկացած գրավոր տեքստ, ինչը պակաս կարևոր չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

Advertisements