2016-2017 տարվա ամփոփում

Ավարտվում է Կրթահամալիրում իմ դասավանդման երկրորդ տարին, որի ընթացքում եղել են և՛ դրական փոփոխություններ ու հաջողված նախագծային ու ուսումնական պրոցես, և՛ անհարթություններ ու ձախողումներ:

Կարճ ի մի բերելով այդ ամենը ու գնահատելով իմ աշխատանքը` ​կարող եմ ասել. շարունակում եմ սովորել աշխատել այս տարիքի երեխանեի հետ ( 12-16 տարեկան), և դա երբեմն հաջողվում է, կարծես թե գնալով ավելի հաճախ: Համարել եմ, որ հաջողվել է, եթե սովորողներին կարողացել եմ լեզվական որոշակի հմտություններ փոխանցել և դրանք յուրացվել են, երբ հաջողվել է ոգևորություն կամ հետաքրքություն արթնացնել նրանց մոտ օրինակ իսպանալեզու գրականության հանդեպ, նաև երբ մարդկային փոխհարաբերությունների որոշակի սկզբունքերի ու արժեքների օրինակ ծառայել, դրանք փոխանցել, միշտ կարևորելով ուսումնական ցանկացած գործունեության ընթացքը առավել քան ակնկալվող կամ ստացված արդյունքը, դրա ցուցադրումը: Երևի թե հենց այս պատճառով էլ շատ նախագծերի վրա  սկսել ենք աշխատել ու չենք ավարտել, այլ բանի ենք անցել, չենք հասցրել, ժամանակը չի հերիքել կամ կորել է հետաքրքրությունը, ու նոր ընթացք ենք փնտրել…. անավարտ գործեր շատ են մնացել այս տարի, սա գլխավոր բացթողումներից եմ համարում: Շարունակում են խանգարող հանգամանք լինել սակավ հանդիպումները սովորողների հետ, տարբեր պատճառներով ընդհատվող ուսման ընթացքը, ավագ դպրոցում սովորողներից շատերի մոտ ուսումնական գործիքի բացակայությունը, անկայուն խմբերը: Իհարկե այս վերջին գործոնը էականորեն փոխվել է, ինչը անկասկած դրական է ազդել ուսման որակի վրա: Բացարձակ տապալված եմ գնահատում 12-րդ դասարանցիների հետ աշխատանքը երկրորդ կիսամյակում: Ցավալի թերացում եմ համարում նաև այս տարի իմ կատարած սակավ ճամփորդությունները, փորձի բացակայության պատճառով ինձ համար դժվար է ինքնուրույն կազմակերպել, բայց գալիք տարում սիրով կուզեի միանալ ավելի փորձառու խմբերի…

Ինչն է ստացվել այս ուսումնական տարում. «Գտնված երազ» մուլտֆիլմի թարգմանությունը ավագ դպրոցում,  երգերով ուսուցումը միջին դպրոցի խմբի հետ, պոեզիայի թարգմանությունը 10-րդցիների հետ, մասնակցությունը «Օտարագիր հայեր» նախագծին, բացօթյա ընթերցումները միջին դպրոցի սովորողների հետ, և ամենաարդյունավետ ուսուցման ձևի կիրառումը թե ավագ թե միջին դպրոցում` օտար լեզվի ուսուցումը խաղերի միջոցով: Փորձել եմ կիրառել ամենատարբեր բառային,  իրավիճակային, թիմային խաղեր, որոնք ավել կամ պակաս հաջողությամբ գործել են թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցում և բավական արդյունավետ գործիք են հանդիսացել թե՛ բառապաշարի ուսուցման, թե՛ դրա կիրառման համար: Խաղերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ`

Խաղերը` ուսուցման արդյունավետ միջոց

 

Ավարտելուց առաջ երկու խնդրի մասին կուզեի նշել, որոնք, կարծում եմ, անհապաղ լուծման կարիք ունեն, նախքան նոր ուսումնական տարվա սկիզբ. առաջինը` իսպաներեն – հայերեն բառարանի (առնվազն մեկ) ձեռքբերման անհապաղ անհրաժեշտությունը, քանի որ էլեկտրոնային հայերեն – իսպաներեն բառարանի բացակայության պայմաններում սովորողը ստիպված է լինում իսպաներեն- ռուսերեն – հայերեն կամ իսպաներեն- անգլերեն – հայերեն միջնորդավորված թարգմանություն կատարել, ինչը բարդեցնում ու հաճախ անհնար է դարձնում նրանց աշխատանքը: Եվ երկրորդը, դասասենյակներում վարդակների ավելացման անհրաժեշտությունը, որ ըստ իս, օր առաջ պետք է կազմակերպել: Կարծում եմ` ինքնըստինքյան հասկանալի, պարզ ու ակնհայտ է, որ եթե ենթադրվում է մեդիակրթություն իրականացնել 15 հոգանոց խմբում, ապա նրանցից յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա իր ընկերների հետ միաժամանակ լիցքավորման  դնել իր ուսումնական գործիքը, այլապես անլուրջ է ինչ-որ բան պահանջել նրանից… Մինչդեռ ինչ-որ բաներ կան,  որ բոլորը  գիտեն, տեսնում են, հասկանում են, բայց չեն բարձրաձայնում: Այդպիսին է նաև երկրորդ օտար լեզուների համար առանձին դասասենյակներ հատկացնելու խնդիրը: Վստահ եմ, որ այդպես էապես կփոխվեր թե՛ սովորողների, թե՛ դասավանդողի վերաբերմունքը առարկայի հանդեպ:

 

 

 

 

 

Advertisements